Հայաստանը վերադասավորությունների փուլում է: Սահմանադրական փոփոխությունները խառնշտել են բոլոր հաշվարկները: Անգամ` իշխանության: Հասկանալի է` լավ հաշվող իշխանությունները գիտեն` ինչ անել, երբ անել, ումով անել, սակայն ակնհայտ են նաև այն մտահոգությունները, որոնք վերջինս ունի նույն սահմանադրական բարեփոխումների առնչությամբ:
Հասկանալի է, որքան էլ բարբառվի, թե ՀԷՑ-երը մասնավոր են, Բիբինն էլ մասնավոր անձ է, խիստ ակնհայտ է, որ նույն ՀԷՑ-երի և էներգիայի սակագնի միջոցով միմյանց մեսիջներ են փոխանցում Հայաստանն ու Ռուսաստանը: Որքան էլ պնդեն, թե Բիբինը հեռացող մարդ է, ուստի նրա գլխին են ջարդվելու տնտեսական, նաև քաղաքական կուտակված «խնդիրները», վերջինս էլ խորհրդա-կոմունիստական համառությամբ փորձի ոչ միայն պաշտպանվել, այլև հակահարձակման անցնել, միևնույն է, սա երկկողմանի` Բիբին-հայոց իշխանություններ լավ մշակված քաոս է, ինչ մասին արդեն իսկ խոսվում է մամուլում, սակայն կա մեկ «բաց»: Մամուլը խիստ հետևողականորեն «խոսում» է նաև ՀԷՑ-երի ազգայնացման մասին:
Ինչո՞ւ եմ հատկապես այս բաղադրիչի վրա ուշադրություն հրավիրում:
Այնպես է ստացվել, որ էներգիայի սակագինն ու սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումներն ու դրանց հրապարակայնացումը ժամանակային առումով համընկել են: Ընդ որում, խնդրի նրբությունը, առավել ստույգ` «գինը», սակագինը կամ սահմանադրական փոփոխությունները չեն: Ղարաբա՛ղն է: Գոնե` Ռուսաստանի համար: Ռուսաստանը փորձում է հայոց իշխանությունների համար կենսական նշանակության այս պահին արգելակել սահմանադրորեն վերարտադրվելու հավանականությունը, փորձելով բավարարել ալիևյան Ադրբեջանի ախորժակը, որը, եթե իսկապես «ստանա» Ղարաբաղը, մեկ էլ տեսար` մաս կկազմի ԵԱՏՄ-ին: Ինչն ուղղակի անհնար է, եթե չասենք` պուտինյան վարչակազմի հերթական արկածախնդրությունն է` ուկրաինական զարգացումների ֆոնին: Իր հերթին Հայաստանը նույնպես ձեռքերը ծալած չի նստել, ասպարեզ նետելով ՀԷՑ-երի ազգայնացման թեզը, փորձում է ցուցանել, որ սահմանադրական փոփոխությունների, էլ չենք ասում` Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումն աներկբա է:
Ընդ որում` ամենևին կասկած չունենք, որ հայոց իշխանությունը նույնպես և շատ խիստ շահագրգիռ է, որ ՀԷՑ-երի շուրջ կրքերը եռան, ուժեղ միտինգներ լինեն, ակտիվիստները ձերբակալվեն, ու էլ առավել` կոալիցիա մտնելու պատրաստվող ՀՅԴ-ի երիտդաշնակցական թևը ձվեր-«հավեր»-«առյուծներ» նետի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պարոն Նազարյանի ուղղությամբ, որպեսզի այս հարցում «արբիտրի» իր դերը կատարյալ լինի, և իշխանությունն այն լավագույնս կատարի: Ասել է` այս ողջ խաղում իշխանությունն ունի լուրջ փաթեթ, եթե չասենք` հենց «հսկիչ» փաթեթ, որը ցանկացած պահի ¥կախված նրանից, թե սահմանադրական բարեփոխումների առնչությամբ ինչ գրաֆիկ է մշակվել¤ հետ ու առաջ կանի ու հարցը կփակի: Շատ պարզ պատճառով. ինչպես ամեն մի բանական արարած, որը հաշվել գիտի մինչև մեկը ¥իսկ այս իշխանությունների «ուտելու» և «հաշվելու» համատիեզերական բնազդին կասկածել ամենևին պետք չէ¤, համոզված է, որ ո՛չ պաշտոնական Բաքուն երբևէ մաս կկազմի ԵԱՏՄ-ին, ո՛չ էլ Ռուսաստանին կհաջողվի Հայաստանին, էլ առավել Ղարաբաղին համոզել` վերադարձնել ազատագրված տարածքները` առանց Ղարաբաղի կարգավիճակի վերջնական ճշգրտման: Այո, սա թույլ չի տա նաև միջազգային հանրությունը:
Այնպես որ, կողմերը կբարիշեն ցանցերը վերամասնավորեցնելու, սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու «վրա»:
ՈՒ լրիվ անլուրջ են ՀԷՑ-երի նկատմամբ «ուշադրությամբ լցված», պոտենցիալ գնորդ «Տաշիրի» «հասցեին» հնչող «պայթեցման» սպառնալիքները. գնացքն արդեն դուրս է եկել կայարանից, պարզապես պետք է ֆիքսել «դիմավորողներին» և «ճանապարհ դնողներին»:
Ընդամենը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ